Մադրիդում կայացել է Եվրոպական բժշկական ուռուցքաբանության ընկերության (ESMO) 2026 թվականի ամենամյա համաժողովը, որն ուռուցքաբանության ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր և խոշորագույն գիտական միջոցառումներից է։ Այն համախմբում է տասնյակ հազարավոր մասնագետների՝ ներկայացնելու քաղցկեղի ախտորոշման և բուժման նորագույն գիտական ձեռքբերումները։
Համաժողովի գիտական աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ուռուցքաբանության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ընդհանուր ուռուցքաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Լիլիթ Հարությունյանը։
Նա ընդգրկված է եղել ESMO 2026-ի կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղի գիտական կոմիտեի կազմում (Early Breast Cancer Scientific Committee)։ Որպես գիտական քննարկման զեկուցող (Discussant)՝ ներկայացրել է երեք միջազգային կլինիկական հետազոտությունների արդյունքների փորձագիտական վերլուծությունը։
Լիլիթ Հարությունյանը նաև համանախագահել է HER2-դրական կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղի ժամանակակից բուժմանը նվիրված կրթական գիտական նիստը՝ միջազգային առաջատար ուռուցքաբանների մասնակցությամբ։
Հայ մասնագետի ներգրավվածությունը ESMO-ի գիտական կոմիտեի և համաժողովի գիտական ծրագրի աշխատանքներում կարևոր քայլ է հայկական ուռուցքաբանության միջազգային ճանաչելիության բարձրացման և գիտական համագործակցության ամրապնդման ուղղությամբ։